ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2019 19:21
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ՝ ՄՏՔԻ ԵՎ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ
ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Մարտունու շրջբաժնի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Սույն թվականի հուլիսի 17-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը այցելեց ոստիկանության Մարտունու շրջանային բաժին և ամփոփեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Ոստիկանության պետին ուղեկցում էր ոստիկանության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Ենգիբարյանը։
Օպերատիվ խորհրդակցությանը հրավիրված էր նաև Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանը:
2019 թ.-ի առաջին կիսամյակում Մարտունու շրջանում բոլոր ծառայությունների գծով գրանցվել է հանցագործության 60 դեպք, նախորդ տարվա 63-ի դիմաց, նվազումը կազմել է 3 դեպք կամ 4.8 տոկոս, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 13.2%, նախորդ տարվա առաջին կիսամյակի 17.9% դիմաց:
1000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Մարտունու շրջանում կազմել է 2.8` անցած տարվա նույն ժամանակահատվածի 2.9-ի դիմաց:
Հանցավորության կառուցվածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են հասարակական կարգի և բնակչության առողջության 46 %-ից` 33.3 %, տնտեսական գործունեության 3.2 %-ից` 1.7 %, պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի 7.9%-ից 3.3 % և այլ` 1.6%-ից 0%-ը: Փոխարենը աճել է մարդու(անձի) 22.2 %-ից 43.3%-ի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
Գրանցված 60 հանցագործությունից 58-ը բացահայտման տոկոսում հաշվող հանցագործություններն են` 2018թ 1-ին կիսամյակի 63-62-ի համեմատ։
Գրանցվել է մարդու դեմ ուղղված 24 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14-ի համեմատ, աճը կազմել է 10 դեպք:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ 1 դեպքով նվազել են 12-ից 11 սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերը:
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը նվազել է 2 %-ով՝ 98.1%-ից 96.1%, իսկ քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը մնացել է նույնը` 100%:
Նախկին տարիներում կասեցված քրեական գործերից բացահայտվել է 2 հանցագործություն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է ինչպես անչափահասների կողմից կատարած հանցագործությունների քանակը 2-1, այնպես էլ հանցագործություններ կատարած անչափահասների թիվը 2-1:
Շրջբաժնի պետից բացի զեկույցներով հանդես եկան շրջբաժնի պետի օպերատիվ և ծառայության գծերով տեղակալները:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետը տեղում մանրակրկիտ վերլուծելով արձանագրված ցուցանիշները բոլոր ուղղություններով հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:
Ամենաառաջնայինը համարելով հանցավորության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման հրամայականը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանձնարարեց բոլոր միջոցները ներդնել հանցավորության մակարդակը իջեցնելու` այդ թվում նախկին տարիներին կատարված և լատենտային բնույթ կրող հանցագործությունները հայտնաբերելու և բացահայտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն էլ ավելի ակտիվացնելու ուղղությամբ:
Ոստիկանության պետն իր մտահոգություններն արտահայտեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճի հանգամանքով և պահանջեց միջոցներ ձեռնարկել դրանց պատճառահետևանքները հայտնաբերելու և կանխարգելելու ուղղությամբ` կարևորելով հատկապես տեղամասային տեսուչների ինստիտուտի ամրապնդումը թե այս, թե մնացած բոլոր հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման աշխատանքում:
«Հասարակական կարգի և հասարակության անվտանգության ապահովումը օրենքով ամրագրված մեր անմիջական գործառույթն է ու բոլորս պետք է մեր ողջ ուժերը ներդնենք այն լիարժեք իրականացնելու համար, չլինենք անտարբեր՝ նույնիսկ աննշան խախտման դեպքում: Նույնը վերաբերում է նաև հանցագործությունների նախականխմանը, կանխմանն ու բացահայտմանը, այստեղ նույնպես պետք է ոչ թե քայլենք հետևից` այլ առաջանանք, և դեմ հանդիման կանգնենք արատավոր երևույթներին ու ոչ ոք չի կարող մեր գործառույթները իրականացնելու ընթացքում խոչընդոտ հանդիսանալ: Գործառույթն այս մեզ վրա է դրված օրենքով և պարտավոր ենք իրականացնել այն մտքով և խղճով», -նշեց ոստիկանության պետը:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պահանջեց նաև հետևողականություն ցուցաբերել անվտանգ երթևեկության ապահովման գործառույթները որակական նոր հարթություն տեղափոխելու, և այդ կերպ հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու աշխատանքներում:
Վերջում, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանն իր խոսքում կարևորելով ոստիկանության դերակատարությունը՝ շրջանի զարգացման հայեցակարգում, առաջարկեց հասարակական անվտանգության ապահովման գործում էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ինչպես շրջվարչակազմի, այնպես էլ համայնքների ղեկավարների հետ։