22.11.2021 14:53
ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 15.11.2021թ.-21.11.2021թ.
2021 թվականի նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 44 հաղորդում, որից 38-ն արդեն բացահայտվել է: Անբացահայտ է մնացել ընդամենը 6 հանցագործություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Ոստիկանության ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 3 դեպք:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 2, խարդախության 3, յուրացման կամ վատնման 1, ապօրինի ծառահատման 2 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 5 դեպք:
Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
Նշված ժամանակահատվածում կամովին զենք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել մեկ քաղաքացի:
Ինքնասպանության փորձ կատարելու մեկ դեպք է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, որը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից շաբաթվա ընթացքում թունավորման 6 դեպք է արձանագրվել:
Բացահայտվել է նախկինում կատարված 3 հանցագործություն:
Նախորդ շաբաթվա համեմատ՝ նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում 9 դեպքով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:
Հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 22-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի: