ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2015 13:56
Կոլեգիայի նիստ՝ ԼՂՀ ոստիկանության պետի ղեկավարությամբ
Սույն թվականի հուլիսի 31-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի օրակարգը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում «ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների արդյունքների քննարկմանը»:
Նիստը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները:
ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:
Օրակարգի երկրորդ հարցի՝ ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:
Այնուհետև ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ Բորիս Ենգիբարյանը ներկայացրեց 2015թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով կոլեգիայի որոշման նախագիծը:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, բավարար գնահատելով ԼՂՀ ոստիկանության 2015թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների բոլոր պատասխանատուների կատարած աշխատանքը ենթարկեց հրապարակային քննարկման և կոնկրետ գնահատական տվեց յուրաքանչյուրին:
Ոստիկանության պետը իր խորին մտահոգությունը հայտնեց հանցագործությունների աճի և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներից և տարածքային ստորաբաժանումների պետերին պահանջեց մեկ առ մեկ ներկայացնել չբացահայտված հանցագործությունների պատմությունները ու մանրամասն վերլուծելով դրանք՝ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:
Կարևորելով անչափահասների շրջանում իրականացվող պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, որսորդական հրազենի գրանցման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը՝ ոստիկանության պետը պահանջեց հոգատարություն և հետևողականություն դրսևորել քաղաքացիների հետ հարաբերություններում և առավելագույնս սեղմ ժամկետներում լուծում տալ նրանց հուզող հարցերին:
«Յուրաքանչյուր հանցագործություն, թե իրավախախտում՝ ծնունդն է ամենաթողության, հասարակության մեջ ոստիկանի հանդեպ վստահության ամրապնդման մասին խոսք լինել չի կարող, եթե մեզ չի հաջողվում արագ բացահայտել այն ու մեղավորին հանձնել արդարադատությանը», - նշեց ոստիկանության պետը:
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը կարևորեց նաև սեպտեմբերին նախանշված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքների՝ ընտրացուցակների ճշգրտման և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի ու հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացումը:
Նիստի երկրորդ հարցի՝ ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների վերաբերյալ ոստիկանության պետը հանձնարարեց հետևողական լինել ոստիկանության գործունեությունը օրենքի տառին համապապատասխան կազմակերպելուն և անշեղորեն իրականացնելուն:
2015 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Կիսամյակ» ենթաբաժնում: