25.05.2021 20:34
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգում բարեփոխումները շարունակվում են.
Դեռ շաբաթներ առաջ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գումարտակի անձնակազմը ներկայացրել է հիմնական խնդիրը, այն է՝ ծառայությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար ձեռք բերել նոր միջոցներ:
Նախարար Կարեն Սարգսյանն այսօր ՊՊԾ գումարտակի գիշերային հերթափոխի ծառայողների հետ անց է կացրել ստուգատես, հետաքրքրվել ստորաբաժանման անձնակազմի ընդհանուր պատրաստվածության մասին, ստուգել ծառայողների արտաքին տեսքը, ինչպես նաև ձեռքբերված կապի և տեխնիկական նոր միջոցները:
ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության շուրջօրյա պարեկապահակային ծառայություն իրականացնող ստորաբաժանումը՝ 11 վերակարգ և 22 ծառայող, AK-74 տիպի հրաձգային զենքի փոխարեն կկրի «Մակարով» տեսակի ատրճանակ:
Ներքին անվտանգության ապահովման նպատակով ստորաբաժանումը ձեռք է բերել նաև կապի և հեռահաղորդակցության նոր միջոցներ, ճտկակոշիկներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք ավելի կբարձրացնեն ծառայության որոկը:
Հասարակական կարգի ապահովման համատեքստում Կարեն Սարգսյանը կարևորել է ՊՊԾ գումարտակի անձնակազմի դերակատարումը, նշել, որ ժամանակակից համակարգ ունենալու համար, առաջնահերթությունը հասարակության հանդեպ վերաբերմունքի և վարվելակերպի մեջ է:
Հանդիպմանը նախարարը նշել է, որ բարեփոխումները համակարգում շարունակական կլինեն և ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: