ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.07.2014 19:55
Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանության պետի մոտ
Սույն թվականի հուլիսի 8-ին ԼՂՀ ոստիկանությունում անցկացվեց խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի ու ոստիկանության ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների ծառայողները։
2014թ. 1-ին կիսամյակում կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարրի Միրզոյանը։ Նա նշեց, որ ակտիվորեն իրականացվել է քաղաքացիների անձնագրերի տրամադրման գործընթացը։ Նշված ժամանակահատվածում քաղաքացիներին տրվել է 6269 անձնագիր` 2013թ. նույն ժամանակահատվածի 3917-ի դիմաց։
Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում կատարվել է ԼՂՀ-ում հաշվառված 3175 քաղաքացու անձնագրերի վավերականության ժամկետի երկարաձգում։ ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ, քաղաքացիներին տրամադրել է 1237 նույնականացման քարտ։ Իրականցվել է բնակչության պետական ռեգիստրի հետ կապված բոլոր փաստաթղթերի ձևակերպում, քաղաքացիներին տրամադրվել է հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ 5761տեղեկանք։