ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.05.2016 11:53
Ատեստավորում՝ ԼՂՀ ոստիկանությունում
Սույն թվականի մայիսի 20-ին մեկնարկեց և մայիսի 24-ին ավարտվեց ԼՂՀ ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումը։
Ոստիկանության գլխավոր և ավագ խմբի ծառայողները ատեստավորում անցան ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. ապրիլի 27-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման համաձայն՝ ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանության և նրա ծառայողական պիտանիության հեռանկարի որոշումն է։
Ատեստավորումն իրականացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում՝ վերադասության կարգով:
Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:
Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ:
Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, կարող է ներկայացվել խրախուսման, ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման. չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ատեստավորում անցած ոստիկանության 205 ծառայողներից 162-ը համապատասխանել են զբաղեցրած պաշտոններին, 22-ի ատեստավորումը հետաձգվել է մեկ ամիս ժամկետով, 16-ը ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ կարող են զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, իսկ 5-ը ներկայացվել են խրախուսման:
Սույն թվականի մայիսի 26-ին հանդիսավոր տողանի ընթացքում հրապարակվեցին ատեստավորման արդյունքներով ոստիկանության ծառայողների խրախուսման վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության պետի հրամանները։